Բավ է պառակտվել
20-11-2014 18:52

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Կիպրոսում մի շարք միջոցառումներ տեղի կունենան

Անքակտելի կապերը միավորում են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին, որոնք հիմնված են ընդհանուր փորձությունների և պատմական ուղու վրա. այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:«Հաշվի առնելով երկու պետությունների անցած մեծ փորձությունները պատմության ընթացքում` մենք վճռական ենք և պատրասt ենք շարունակել մեր պայքարը: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Կիպրոսում մի շարք միջոցառումներ տեղի կունենան` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերին»,-ասաց նա: Յանակիս Օմիրուն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քառասուն տարի է արդեն, ինչ Կիպրոսի 37%-ը գտնվում է թուրքական ռազմական օկուպացիայի տակ և չնայած ՄԱԿ-ի կողմից ընդունված բոլոր որոշումներին, Թուքրիան մերժում է այդ ամենը և ներխուժել է նաև Կիպրոսի տնտեսական գոտի՝ խախտելով 1972 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված ծովի օրենքի կոնվենցիան։ «Այդ իսկ պատճառով պարտադրված ենք Կիպրոսի հարցով դուրս գալ բանակցություններից, որովհետև անհնար է շարունակել սպառնալիքի ու վախի մթնոլորտում»,-ասաց Յանակիս Օմիրուն: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի փակման հարցին, որի բացման համար Թուրքիան նախապայմաններ է դնում՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը նկատեց, թե երկու երկրները պետք է համակարգված աշխատեն, որպեսզի Թուրքիային ստիպեն հարգել միջազգային օրենքն ու բանաձևերը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին ողջունելով կիպրական պատվիրակությանը՝ տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ քննարկել են ինչպես ԼՂՀ խաղաղ բանակցային գործընթացի կարգավորումը, այնպես էլ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ կապված հարցեր: «Մեծ միջոցառում է նախատեսվել` և՛ ցուցադրման տեսքով, նաև կոնֆերանսների ու ժողովների միջոցով Կիպրոսում»,-ասաց նա և նշեց, որ Կիպրոսի գործընկերներն էլ բարձր մակարդակով ներկայացված կլինեն Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: