11-07-2017 15:41

Ավտոկայարաններում կներդրվի տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգ և կիրականացվեն բարեփոխումներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում են հայտնվել չվացուցակներին, ուղևորափոխադրումների որակին և մայրաքաղաքի ավտոկայարանների սպասասրահների հարմարավետությանն առնչվող խնդիրները:
Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, այսօր՝ հուլիսի 11-ին Մարտիրոսյանն այցելել է Երևանի«Կենտրոնական» և «Հարավային» ավտոկայարաններ:
«Կենտրոնական» ավտոկայարանի տնօրենն ու փոխտնօրենը նախարարին հայտնել են, որ տոմսերը վաճառվում են տոմսարկղերում, մեքենաներն էլ մեկնում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ուշացումների։ Այդ ամենը հաստատեցին նաև ուղևորները, սակայն, չնայած առկա դրական փոփոխություններին, տոմսարկղերի մոտ հերթեր են գոյանում։ Ավտոկայարանի տնօրենը նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգին անցնելու համար:
Նախարարը հետաքրքրվեց նաև ավտոկայարանում տեղակայված բուժկետի գործունեությամբ, որտեղ, մինչև երթուղի դուրս գալը վարորդները բուժզննում են անցնում, և որտեղ հաճախ դիմում են նաև ուղևորները։
Նախարարի ուշադրությունը գրավեցին նաև ավտոկայարանի տարածքում մեկնելուն պատրաստ կայանված ավտոմեքենաներն ու տաքսիները: Տնօրենը նշեց, որ դրանք ուղևորներին ճանապարհելու և դիմավորելու եկած մեքենաներ են։ Մարտիրոսյանը հանձնարարեց այդ մեքենաների համար կայանման տարածք առանձնացնել, և թույլ չտալ, որ կուտակումները խանգարեն կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներին, իսկ տաքսիների կանգառը կազմակերպել նախատեսված վայրերում։
Մարտիրոսյանը նաև հանձնարարեց կազմել նախահաշիվ՝ ավտոկայարանի շենքի, մասնավորապես տանիքի և սանհանգույցի վերանորոգման համար:
Նշենք, որ «Հարավային» ավտոկայարանում բացակայում է սպասասրահը: Այդ նպատակով սկսված շինարարությունը դադարեցվել էր, քանի որ խախտվել էին շինարարական նորմերը: Մինչ խնդրի լուծումը ավտոկայարանի տարածքում մի քանի նստարանով տարածք էր հատկացվել: Նախարարը հանձնարարեց կարճ ժամանակահատվածում լուծել սպասասրահի կառուցման խնդիրը:
«Հարավային» ավտոկայարանից ուղևորափոխադրումներ են կատարվում հարավային ուղղությամբ՝ Մասիս, Արտաշատ, Արարատ, Դվին, Գորիս, Մեղրի։