Բավ է պառակտվել
02-03-2016 16:56

Թուրքի հետ է Skype-ով խոսելու համար ամուսինը սպանել է կնոջը

Արտակ Առաքելյանն ընդունում է, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին դանակի 30 հարվածով սպանել է կնոջը՝ Հեղինե Դարբազյանին: Այսօր՝ մարտի 2-ին, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Առաքելյանը նշեց, որ այդ քայլին է դիմել խանդի պատճառով: «Երբ փետրվարին վերադարձա Ռուսաստանից, նկատեցի, որ կնոջս վերաբերմունքն իմ նկատմամբ փոխվել է, նա ավելի սառն էր դարձել: Հետո երբ Skype-ն ուսումնասիրեցի, տեսա, որ գիշերվա ուշ ժամերին՝ մոտ 40 րոպե, մի թուրքի հետ է խոսել, որից մենք ապրանք ենք բերում»,- ասաց Արտակ Առաքելյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հարցին՝ արդյոք նույն քայլին կդիմեր, եթե կնոջ հետ խոսեր եւ իրավիճակը պարզաբանվեր, ամբաստանյալը պատասխանեց, որ չէր սպանի, սակայն կամուսնալուծվեր: Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ ներգրավվել է նոր դատախազ, որը գործի նյութերին չի հասցրել ծանոթանալ: Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 12-ին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում սպանված Հեղինե Դամբազյանը քույրը՝ Քրիստինե Դամբազյանը, նշեց, որ իր քույրը Skype-ով խոսել է թուրքի հետ, քանի որ պարտք է ունեցել եւ այդ հարցն են քննարկել:

Քրոջ պնդմամբ՝ Արտակ Առաքելյանը միշտ էլ ծեծել է իր քրոջը. բռնության տեսարաններին ականատես են եղել նաեւ նրանց անչափահաս երեխաները:

«1000 դոլար էդ թուրքին պարտք են եւ էդ թուրքն ամեն անգամ զանգում էր, ինքը հետը չէր խոսում, այլ քրոջս էր ասում, որ էդ թուրքին պատասխանի: Հիմա ո՞նց եղավ, որ միանգամից քրոջս խանդեց ու սպանեց»,- ասաց Քրիստինե Դամբազյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանքով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: