29-09-2015 13:12

Մոտ ապագայում Ադրբեջանը կբարձրացնի նոր հրադադար հաստատելու հարցը. Փորձագետ

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն այսօր մեկնաբանելով վերջին օրերի սահմանային միջադեպերն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ասաց, որ իրավիճակն աննախադեպ լարվածության է հասել. «Գյուղերի և խաղաղ բնակիչների հրետակոծման արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ: Այս ամենը բերել է քաղաքական իրավիճակի լուրջ փոփոխությունների: Կարելի է ասել, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է հրադադարից դուրս գալու մասին: Նշվել է, որ այսուհետ հրթիռա-հրետանային հարվածներ են հասցվելու հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտի, ցանկացած ռազմական տեխնիկայի տեղաշարժի ժամանակ՝ ինչը փաստացի նշանակում է, որ հրադադարի ռեժիմը, որը մինչ այս էլ պարբերաբար խախտվում էր՝ այլևս չի գործում: Սա նշանակում է, որ Ադրբեջանը իր գործողություններով պատերազմի առիթ է տվել Հայաստանին»: Փորձագետը նշեց, որ այսօր դժվար է ասել, թե ինչ հանգուցալուծում կունենա իրավիճակը, բայց փաստ է, որ եթե կողմերը ինչ-որ մի օր կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ արդեն նոր ֆորմատներ ու պայմաններ են լինելու: « Ենթադրում եմ, որ այդ ժամանակ այլևս չեն քննարկվելու այն հարցերը, որոնք քննարկվել են մինչ օրս: Ամենայն հավանականությամբ քննարվելու է այն, ինչը այդ պահին ակտուալ կլինի Ադրբեջանի համար՝ դա նոր հրադադարի հաստատումն է: Իրավիճակը կարծես թե դրա մասին է խոսում»,- հավելեց փորձագետը:

Մարինե Բարսեղյան