Բավ է պառակտվել
09-02-2017 18:29

Մոսկվան և Թբիլիսին պատրաստվում են կյանքի կոչել այն պայմանագիրը, որն ի զորու է ճեղքել Հայաստանի տրանսպորտային շրջափակումը

Մոսկվան և Թբիլիսին պատրաստվում են կյանքի կոչել «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որն ի զորու է ճեղքել Հայաստանի տրանսպորտային շրջափակումը:
Ինչպես հայտնի դարձավ, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Մոսկվայի հետ կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի Պրահայում կայացած հանդիպման ավարտին լուրջ առաջընթաց է գրանցվել:
Բանակցությունների մասնակիցները որոշում են կայացրել նոր շունչ հաղորդել 2011թվականին ստորագրված՝ «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրին, որը կողմերին թույլ է տալիս առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով` չանդրադառնալով նախկինում վրացական ինքնավարությունների կարգավիճակին:
Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ «դա լուրջ առաջընթաց է գործնական ոլորտում»:
«Մենք Գրիգորի Կարասինի հետ որոշել ենք շարժվել մանր քայլերով առաջ գնալու մեթոդով»,- բանակցությունների ավարտից հետո պարզաբանել է Զուրաբ Աբաշիձեն: Նրա խոսքերով կողմերը որոշել են քննարկել միայն այն հարցերը, որոնք ըստ էության կարելի է լուծել՝ « առանց կարմիր գծերը հատելու»: Մոսկվայի և Թբիլիսիի համար դա Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրն է, ինչպես նաև դրանց տարածքում ռուսական զորքերի գտնվելու հարցը:
Սուր հարցերը թողնելով քննարկումների շրջանակներից դուրս, կողմերը կարողացան լուրջ առաջընթաց գրանցել առևտրա-տնտեսական ոլորտում:
«Մենք որոշել ենք կյանքի կոչել 2011 թվականի պայմանագիրը, որը մեր երկրներին թույլ է տալիս զարգացնել առևտրա-տնտեսական և տրանսպորտային հարաբերությունները»,- ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ կողմերը կարող են շրջանցել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից, ինչպես նաև գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ ՀՀ-ն ՌԴ-ին կապող միակ ցամաքային ուղի հանդիսացող Վրացական–ռազմական ճանապարհը եղանակային պայմանների պատճառով հաճախ է փակվում:
2011 թվականին Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններին իբրև միջնորդ հանդես են եկել Շվեյցարիայի իշխանությունները: Նրանք հանդես էին եկել ապրանքերին հետևելու էլեկտրոնային համակարգ ստեղծելու առաջարկով, որի օգնությամբ հնարավոր կլիներ հետևել ապրանքների տեղաշարժին՝ սահմանի աբխազական և հարավօսական հատվածում:
Նման տարբերակը Մոսկվային թույլ կտա խուսափել այդ գործողությունները պաշտոնապես իբրև ռուս-վրացական առևտուր ճանաչելուց, այսինքն առանց Հարավային Օսիան և Աբխազիան պաշտոնապես Վրաստանի մաս ճանաչելուց: Արդյունքում փաստաթուղթը չէր համաձայնեցվել, բայց այժմ կողմերը կրկին որոշել են վերադառնալ 2011 թվականի պայմանագրին:
Ինչպես մանրամասնել է Գրիգորի Կարասինը, խոսքն առաջվա պես գնում է միանգամից երեք միջանցքներ գործարկելու մասին: Դրանցից մեկը սկսում է Սոչիի մոտակայքից, անցնում է Աբխազիայով և ավարտվում է Զուգդիդի քաղաքում: Երկրորդ միջանցքը մեկնարկում է հյուսիսօսական Նար գյուղի մոտակայքից և անցնելով Հարավային Օսիայով ավարտվում է Գորիում: Իսկ երրորդը տեղակայված է Կազբեգի-Վերին Լարս անցակետի մոտ:
Մոսկվայի և Թբիլիսիի պայմանավորվածության համաձայն մաքսակետերի օպերատորի դերը կստանձնի շվեյցարական SGS ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում ստուգումների և սերտիֆիկացման որորտներում:
Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով Շվեյցարիայի իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն Մոսկվա և Թբիլիսի մարտի վերջում` քննարկելու համար դեռ չլուծված հարցերը: Երբ որոշվի մաքսակետերի տեղակայման վայրը, ՌԴ-ն ու Վրաստանը պատրաստ կլինեն ստորագրել համաձայնագիրը SGS-ի հետ: Նախ և առաջ կողմերը պետք է որոշեն, թե որտեղ են տեղակայվելու մաքսակետերը (2011 թ. համաձայնագրում նշված են միայն աշխարհագրական կոորդինատները, ոչ թե վայրերի անվանումները, դա արվել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակների նկատմամբ չեզոք վերաբերմունք ցուցաբերելու նպատակով:
Երբ որոշվի մաքսակետերի տեղակայման վայրը, ՌԴ-ն ու Վրաստանը պատրաստ կլինեն ստորագրել համաձայնագիրը SGS-ի հետ:
«Մենք պատրաստ ենք անել դա,- հայտարարել է Գրիգորի Կարասինը,-մենք մեծ առաջընթաց ենք գրանցել պրակտիկ ոլորտում: Հիմա պետք է շարունակենք առաջ շարժվել, որպեսզի սա աշխատի»:
Նրա խոսքերով Պրահայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում խոսվել է նաև Վերին Լարսի մերձակա ուղիների արդիականացման մասին, «որպեսզի ռուս-վրացական ուղղությամբ հնարավոր լինի ավելացնել բեռնատար ու ուղևորատար մեքենաների հոսքը»:
Քննարկումներին մասնակցել են նաև երկու երկրների տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչները. «Մենք պատրաստ ենք գնալ որոշակի ծախսերի (ճանապարհը մոդեռնիզացնելու համար)»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը:
Գրիգորի Կարասինն ընդգծել է, որ համաձայնագրում շահագրգռված են ոչ միայն ՌԴ-ն ու Վրաստանը, այլ նաև Հայաստանը: «Հենց որ լուծենք բոլոր մնացած հարցերը, անհապաղ կսկսենք իրականացնել համաձայնագիրը: Մնում է անել վերջին, ամենադժվար քայլը»,-ասել է նա: