Բավ է պառակտվել
11-04-2015 11:47

ՀՀ Երիտասարդական խորհրդարանը Ցեղասպանության վերաբերյալ ուղերձ է ընդունել

Ապրիլի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգում ներառված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երիտասարդական խորհրդարանի ուղերձը, որը քննարկվել եւ միաձայն ընդունվել է ԵԽ անդամների կողմից: Ուղերձն ընդունելուց հետո ԵԽ անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այնուհետեւ ծաղիկներ խոնարհել ՀՀ ԱԺ բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի ուղերձը  
Հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը` սույն ուղերձով կոչ ենք անում համայն աշխարհի երիտասարդությանը.
1. Դատապարտել 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները եւ հայկական ժառանգության ոչնչացումը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ու ցեղասպանության նախադեպ:
2. Դատապարտել ցեղասպանության ժխտումը կամ դրա ժխտման փորձը որպես պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետեւանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն եւ նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք:
3. Դատապարտել Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը եւ միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության` Մեծ եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետեւանք:
4. Հրավիրել Թուրքիային առերեսվելու իր անցյալի հետ եւ քաղաքակրթության գիտակցումով ճանաչել ու դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, ինչը կարող է բեկում առաջացնել հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում:
5. Նկատել, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլեւ քաղաքակրթության եւ մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն, որը պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաեւ հանցագործություններն անպատիժ եւ չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետեւանքների մասին հիշեցում է մեզ:
6. Աջակցել ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային պայքարին, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնմանը եւ պատմական արդարության հաստատմանը: Միավորել երիտասարդության ներուժն ու ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու համար:
7. Ընդունել, որ ցեղասպանություն գործած ազգերի սերունդներն իրավունք ունեն մաքրվել պատմական մեղքից եւ հնարավորություն ունենալ ապրելու խաղաղ համակեցության եւ հանդուրժողականության մթնոլորտում: Ճանապահը նույնն է. ճանաչում եւ դատապարտում:
Հիշենք, որ դարերի փոփոխությունը բերում է սերնդափոխության, բայց երիտասարդների փոփոխությունից երիտասարդության առաքելությունը չի փոխվում: Պատմության զսպանակը պտտվում է` իր մեջ թողնելով ամեն մի սերնդի գործ ու նվաճում, անուններ ու դեմքեր, դեպքեր ու իրադարձություններ, որոնց ներկայիս ընթացքը մենք կարող ենք կանխորոշել:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կոչնակ է սթափության: Մենք առաջին սերունդը չենք, որ խոսում ու դատապարտում է ցեղասպանությունը, բայց կարող ենք լինել արդարություն նվաճած վերջինը: