Բավ է պառակտվել
04-04-2016 12:11

Ադրբեջանական ստորաբաժանումը հարավային ճակատում ամբողջովին ջախջախվել է

Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում եւ ամբողջովին ջախջախվել է՝ թողնելով կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի կորուստներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Լավ լուրերից հերթական մեկը. փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: դրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում եւ ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի կորուստներ»,- գրել է նա: Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության վերջին հաղորդագրության, ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարեւելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարեւելյան ուղղությամբ՝ 2 տանկ: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։