Բավ է պառակտվել
23-07-2016 08:54

Հակառակորդի կրակոցներից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 18 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 43 անգամ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հուլիսի 23-ին` ժամը 00:10-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: