Բավ է պառակտվել
26-05-2016 09:09

Ադրբեջանը կրկին խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը

Ադրբեջանական կողմը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից

Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։
Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։