20-01-2014 20:02

Մի՞թե ակտիվիստները ստամոքսի ՛՛խաթր՛՛ են պայքարում-Սուրենյանցը հակազդում է Գագիկ Գինոսյանին

  

  Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անրադառնալով ՛՛Դեմ եմ՛՛ շարժման ակցիային, որի շրջանակներում ակտիվիսներն ու քաղաքական գործիչները դեմ են արտահայտվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ֆեյբուքյան իր էջում քննադատաբար է մոտեցել Գագիկ Գինոսյանի դիրքորոշմանը:

Նշենք, որ ՛՛ Կարին՛՛ երգի-պարի համույթի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը տալով գնահատականներ ՛՛Դեմ եմ՛՛-ի հանրահավաքին, նշել էր. «Ակտիվիստներն անընդհատ սոցիալական խնդիրներն են բարձրացնում, ես չեմ ասում, որ դրանք կարևոր չեն, նման միջոցառումներ չպետք է լինեն, բայց, ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ բոլորի ակտիվացումները տնտեսական ու քաղաքական հարցերի շուրջ են: Շատ քիչ մարդիկ կան, որոնք ազգայինի շուրջ են համախմբվում: Միգուցե տնտեսական մանր հաջողությունների հասնենք, օրենքը վերանայվի, բայց դրանով մեզ համար ընդամենը՝ ստամոքսի հարցեր ենք լուծում: Քանի դեռ համախմբումը ստամքսի համար է, ոչ թե՝ազգային արժեքների, Հայաստանում որակական ոչ մի բան չի փոխվելու»:

Ըստ Սուրենյանցի, ինքը հարգում է Գինոսյանին՝ որպես մտավորականի տեսակ, մարդ, ով սկզբունքային հարցերում կարողանում է համարձակորեն արտահայտվել, սակայն նրա տված գնահատականները հեռու են իրականությունից.

՛՛Թերևս պարոն Գինոսյանն անտեղյակ է, որ «Դեմ եմ» շարժման միջուկը կազմում են մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում կայացած են, ունեն կայուն եկամուտներ։ Եվ հետո՝ ազգային խնդիրները հասարակությանը կոնսոլիդացնում են պատմական այն փուլերում, երբ կայսրության դեմ պայքարի, պետության վերականգնման խնդիր կա, օրինակ՝ 1988-90թթ–ին, կամ, երբ առկա է արտաքին վտանգ, պատերազմ, օրինակ՝ 1992-94թթ–ին։ Ներպետական հարաբերություններում՝ մարդկանց տարբեր խմբերի միավորում են քաղաքական, սոցիալական, քաղաքացիական խնդիրները։ Ուզո՞ւմ եք դրան «աթոռակռիվ» կամ «ստամոքսակռիվ» անունը կպցրեք՝ դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Եթե մարդն ուզում է իր հալալ աշխատանքով ապրել իրավական երկրում, չունենալ օրվա հացի խնդիր, նրա մոտ, առաջին հերթին, բանականությունն է աշխատում, հետո նոր՝ ստամոքսը…՛՛,իր ֆեյսբուքյան էջում նշել է Սուրեն Սուրենյանցը: