19-07-2016 12:50

Զինված միջադեպի հետևանքով տուժածներից 1-ը դուրս է գրվել

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով տուժածների մասին:

Ըստ ԱՆ հաղորդագրության, տուժածներից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվողի վիճակը մասնագետները գնահատում են կայուն` դրական շարժընթացով։ Շնչում է ինքնուրույն, վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին։ Այս կենտրոնի մյուս հիվանդի վիճակը բավարար է։ Բավարար է գնահատվում նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող տուժածի վիճակը։

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր, շնչում է արհեստական շնչառական սարքի միջոցով։

Հուլիսի 18-ին դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն ստացած տուժածը։