05-04-2016 08:36

ՀՀ ՊՆ. Ադրբեջանը գնդակոծում է հայկական դիրքերը Տավուշում

Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Փոխհրաձգության ընթացքում զինծառայող է վիրավորվել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.): ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը»,- մասնավորապես նշվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից հակառակորդը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հայ-ադրբեջանական սահմանին մինչ երեկ լարվածություն չէր նկատվում: Փաստորեն հակառակորդը սկսում է ակտիվանալ նաեւ այդ հատվածում: