Բավ է պառակտվել
16-05-2016 16:59

ՊՆ. Ղարաբաղում սպառնալիքի ծավալներն ավելի մեծ են, քան Հայաստանի սահմանին

Հայ–ադրբեջանական սահմանին կրակոցները շարունակվում են, բայց Ղարաբաղի համեմատ իրավիճակն ավելի հանգիստ է
Ադրբեջանի հետ սահմանի Նախիջևանի հատվածում սպառնալիքն անհամեմատ ավելի փոքր է, քան Ղարաբաղում շփման գծում, լրագրողներին ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով Վայոց Ձորի մարզում զինվորի մահը։ Հայ զինվորը մահացել է Նախիջևանի ինքնավար հանրապետության (Ադրբեջան) կողմից արձակած կրակոցից։ Միջադեպը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզի բնակավայրերի մեկի սահմանային դիրքում` Հայաստանի հարավ-արևելքում։ Սպանության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական ռազմական վարչությունը հարուցել է քրեական գործ։ «Ես չեմ կարող ասել, որ Հայաստանի սահմաններին` Տավուշի մարզի կողմից կամ Նախիջևանի ուղղությամբ, նույն վտանգն է սպառնում, ինչպես առկա է հիմա Ղարաբաղում»,- ասաց Հովհաննիսյանը։ Միաժամանակ, նրա խոսքով, հայկական սահմանին ցանկացած կրակոց մտորելու առիթ է տալիս, անկախ նրանից` դա Ղարաբաղում է, Տավուշում, թե Նախիջևանի ուղղությամբ։ Ավելի վաղ Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, մեկնաբանելով Նախիջևանում զորքերի կուտակման մասին տեղեկատվությունը, հայտարարել էր, որ չնայած համեմատական հանգստությանը` հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում իրավիճակը կայծակնային արագությամբ կարող է փոխվել։