Բավ է պառակտվել
03-05-2016 13:44

ՀՀ ԶՈւ զինանոցը հագեցած է ռազմական տեխնիկայի լավագույն օրինակներով.ՀՀ ՊՆ

Հայաստանը զինտեխնիկայով համալրվում է ոչ միայն ռուսական վարկի շրջանակներում, այլև դրանից դուրս: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին՝ ռուսական վարկի շրջանակներում Հայաստան մատակարարվելիք սպառազինության ո՞ր մասն է հասել, ե՞րբ է Երևան հասնելու սպառազինությունն ամբողջությամբ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ: Դա չի սկսվել միան վարկով ու չի ավարտվում միայն վարկով: Դեռ տարիներ առաջ բազմիցս հայտարարվել էր, որ ՀՀ-ն պլանային կերպով անցնում է բանակի վերազինմանը: Այն ժամանակ վարկի մասին խոսք լինել չէր կարող: Այդ ժամանակ, եթե կհիշեք, ձեռք էր բերվել զենք, ծավալների աննախադեպության վերաբերյալ եղան անգամ հրապարակումներ:

Կա նաև առանձին աշխատանք վարկի մասով: Դրա շրջանակներում ևս մատակարարվում են այլ զենքեր: Ընդ որում, զենք չէ, այլ՝ զինատեսակներ են: Մեծ թվով զենքերի տեսականի կա: Ու ոչ միայն զենքերի: Ե՞րբ կլինի ամբողջ զինանոցի մատակարարումն, ասելու իրավունք չունեմ, գաղտնիք է: Բայց այդ վարկով դրանից դուրս զենք զինամթերքի համալրումը չընդհատվող, մշտական գործընթաց է»:

Դիտարկմանը, թե ռուսական կողմը, խախտելով պայմանագիրը, հրապարակեց զենքի տեսակներն ու այդպես էլ պարզ չդարձավ՝ ե՞րբ են դրանք ամբողջապես տեղափոխվելու Հայաստան, խոսնակը պատասխանեց. «Գործընթացը վաղուց է սկսվել: Ինչ է մատակարարված, ինչքան է մատակարարված, չեմ կարող ասել: Եթե ասվում է, որ 80-ականների զենքով ենք կռվում, ավելին՝ մենք 60-ականների զենքով էլ հաղթանակ ենք տանում: «Գռադ» տեսակի համազարկը 60-ականների է: Հատկապես ռուսական զինանոցում եղած զենքերը 60-ականների են: 80-ականների զենք չի նշանակում անպայման հին»: