15-04-2016 09:44

ՀՀ ՊՆ–ն հորդորում է հեռախոսով չքննարկել զինվորական ծառայության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` քաղաքացիներին հորդորելով ըմբռնումով մոտենալ զինծառայողների հետ հաղորդակցվելու սահմանափակումներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն և տեսանյութ է հրապարակել` խնդրելով հնարավորինս շատ այն տարածել։

«Հարգելի հայրենակիցներ, հանուն զինծառայողների անվտանգության խստագույնս հորդորում ենք բջջային հեռախոսով կամ համացանցում չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ։ Հարազատների և զինծառայողների միջև հաղորդակցվելու սահմանափակումները պայմանավորված են իրենց իսկ անվտանգության նկատառումներով։ Վստահ եղեք, առաջին իսկ հնարավորության դեպքում հայրենիքի պաշտպաններն իրենք կապ կհաստատեն ձեզ հետ»,- ասված է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` Ֆեսյբուքում կատարած գրառման մեջ։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։