08-12-2016 14:42

ՀՀ ՊՆ. պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։

«Հարգելի լրագրողներ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել, նա այս պահին կատարում է իր պարտականությունները, լրացուցիչ ոչինչ հայտնել առայժմ չենք կարող։ Իմ հեռախոսները կարող են ժամանակավոր անհասանելի լինել, քանի որ ճանապարհներին եմ», – գրել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով զոհվել են պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդ) և անվտանգության աշխատակից, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը:

Մասնավորապես, ժամը 11։40-ի սահմանում «Lexus» մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։