30-05-2015 16:34

ՀՀ ՊՆ ղեկավարը ներկա է գտնվել հրամանատարաշտաբային զորավարժության ստուգատեսին

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ստուգատեսի մեկնարկի կապակցությամբ մայիսի 30-ին 5-րդ բանակային զորամիավորում է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ: Այցի նպատակն էր ունկնդրել ստուգատեսի մեջ ներգրավված անձնակազմի՝ մարտական պատրաստականության աստիճանների բերման, ժամանակակից  համազորային մարտ իրականացնելիս զինծառայողների՝ ըստ կենտրոնացման շրջանների ծավալման, ինչպես նաև մարտական իրադրության զարգացման պայմաններում հրամանատարների, շտաբների և զորավարժությանը ներգրավված ամբողջ անձնակազմի առջև դրված խնդիրների վերաբերյալ զեկույցները: Լսելով զինանձնակազմի՝ մարտական պատրաստականության աստիճանների բերման, հակառակորդի խոցման, պաշտպանական, հարձակողական և հակահարձակողական գործողությունների ժամանակ զորամիավորման պատրաստվածության մասին գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի զեկույցը՝ նախարար Սեյրան Օհանյանը առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարեց որոշակի ճշտումներ, տվեց մի շարք հանձնարարականներ: Ընդհանուր առմամբ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության նպատակն է կատարելագործել զորամիավորումների, հրամանատարների և շտաբների գործնական ունակությունները ստորաբաժանումները մարտական պատրաստականության աստիճանի բերելիս, մարտական գործողություններ կատարելիս և համակողմանի ապահովումներ կազմակերպելիս, ինչպես նաև բարձրացնել ստորաբաժանումների միջև ներդաշնակումը, փոխգործակցության մակարդակը, անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշներն ու դաշտային վարժվածության մակարդակը: