Բավ է պառակտվել
26-05-2015 11:03

Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել զորամասերից մեկի վերկացին ու մարմնամարզությանը (լուսանկարներ)

Այսօր՝ վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նպատակ ունենալով տեղում ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության մի քանի դրվագներ, ինչպես նաև ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցի շրջանակում անձամբ հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացմանը, սպորտմասսայական միջոցառումների մեթոդապես ճիշտ և արդյունավետ անցկացման կարգին ու ժամանակացույցին:

Վազք, ձգումներ պտտաձողի վրա, ուժային համալիր վարժություններ. զորամասի շարահրապարակում և ֆիզպատրաստության հրապարակում ամեն ինչ ընթանում էր օրվա կարգացուցակի պահանջներին համապատասխան: Զինանձնակազմն ակտիվորեն զբաղված էր շարային ու ֆիզիկական պատրաստության մարզումներով, որոնք, անշուշտ, միտված են զինծառայողների՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես կոփմանը, իսկական զինվորականի կեցվածքի ձևավորմանը:

Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև զորամասի վերակարգի՝ հերթապահների և օրապահների պարտականությունների իմացությունը, անձնակազմի օրակարգի կատարման ապահովման և հրամանատարության կողմից վերահսկման մեխանիզմները, դասացուցակների և ընդհանուր առմամբ՝ ծառայության կազմակերպմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշ թերությունները վերացնելու համար Սեյրան Օհանյանը առաջադրել է խնդիրներ և համապատասխան հանձնարարականներ տվել զորամասի հրամանատարությանը: