20-02-2015 09:50

ԼՂՀ պաշտպանության բանակը ապահովել է երկրի անվտանգությունը. ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը, հաղթանակ տանելով սպառազինված հակառակորդի նկատմամբ, կարողացավ իր շուրջ հավաքել հասարակության բոլոր շերտերը անկախ քաղաքական հայացքներից և կուսակացական պատկանելությունից: Այդ մասին նախօրեին՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի խոսքով՝ 2014 թվականին ԼՂՀ ՊԲ-ն կատարեց Արցախի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ առաջադրված կարևորագույն խնդիրը: Կատարելագործվեցին սպառազինությունը և կազմակերպվածությունը, բարձրացավ բանակի մարտունակության մակարդակը: Միևնույն ժամանակ հրամանատարական կազմի ուշադրության կենտրոնում է հայտնվել է առաջին գիծը: Ինչպես հայտնեց նախարարը, լուրջ քայլեր են ձեռնարկվել մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Առաջին գծում տեխնիկայի համալրումը հնարավորություն է ընձեռում տեղեկություններ ստանալ հակառակորդի մտադրությունների մասին և ճիշտ ժամանակին կանխել նրա գործողությունները, ինչպես նաև հայկական կողմի հնարավոր կորուստները: Միևնույն ժամանակ Հակոբյանը ընդգծեց, որ միայն տեխնիկան մարտունակության բարձրացման համար բավական չէ: Նրա խոսքով՝ զինվորը նախ և առաջ պետք է զգոն լինի, ունենա մարտական ոգի, իսկ առաջին գծում ստեղծված իրավիաճակը ցույց է տալիս, որ մեր զինվորի մարտական ոգին հզոր է, և մեր ստորաբաժանումները պատրաստ են կատարել ցանկացած առաջադրանք: Մովսես Հակոբյանը նաև մեկնաբանեց շփման գծում իրավիճակի լարվածության բարձրացումը: Նա նշեց, որ հակառակորդը մի քանի նպատակ է հետապնդում.
-զոհերի թվի ավելացման հետևանքով հայկական հասարակության վստահության կորուստը բանակի հանդեպ առաջացնելը
-Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը սպառազինության վազքի մեջ ներքաշելը
-Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վրա ազդելը՝ նպաստելով արտագաղթին
-սեփական բանակի սպառազինման համար հաշվետվություն ներկայացնելը
-խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված կազմակերպություններին ահաբեկելը:
Վերլուծելով հակառակորդի գործողությունները՝ ԼՂՀ ԶՈՒ-ն հանգեց նրան, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները անհիմն են: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող դիվերսիոն գործողությունները իրագործում է Թուրքիայում նախապատրաստված 062 հատուկ ջոկատը: Հակառակորդի ԶՈՒ-ի մյուս ստորաբաժանումները չեն մասնակցել որևէ դիվերսիոն գործողությունների, իսկ այդ ապացուցում է, որ Ադրբեջանի Զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակը չի համապատասխանում այդ երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին: