Բավ է պառակտվել
02-12-2016 13:49

Հայկական բուհերն ազատ նավարկության են դուրս գալիս

Կրթության և գիտության նախարարությունում համոզված են, որ «Հայաստանում բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը թույլ կտա բեռնաթափել նախարարության դերակատարումը և ձևավորել ինքնուրույն բուհական համակարգ։ «Հայաստանում բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը նախատեսում է ժողովրդավարական համակարգ ստեղծել բուհերում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Նրա խոսքով` բոլոր երկրորդական խնդիրները նախարարությունն իր վրայից կբեռնաթափի։
Մկրտչյանը նշեց, որ բուհերի գիտխորհուրդների համար կստեղծվեն մեծ հնարավորություններ, իսկ ռեկտորն այսուհետև կպատասխանի կառավարման համակարգի համար։

Ըստ նախարարի` այսօր ուսումնական որոշ հաստատությունների ռեկտորները միաժամանակ և՛ գիտնական են, և՛ մենեջեր, զբաղվում են ֆինանսական հարցերով, ինչը բացասական է անդրադառնում ղեկավարի աշխատանքի արդյունավետության վրա։ «Օրենքում մի քանի լուրջ փոփոխություններ են կատարվել։ Փորձել ենք տարանջատել երկու հասկացություն՝ պրոֆեսիոնալ մենեջեր, որը պետք է լինի ռեկտորը, և գիտական խորհրդի դերակատարության մեծացում։ Այսինքն՝ գիտխորհուրդները իրենք պետք է կարողանան ամբողջությամբ պատասխան տալ ակադեմիական որակի համար։ Ռեկտորի գործառույթը պետք է լինի ընդամենը կառավարման համակարգը»,- ասաց Մկրտչյանը։ Նրա խոսքով` համալսարանների գիտական խորհուրդները չպետք է քաղաքականացվեն։ Այսինքն, քաղաքականությամբ զբաղվող մարդիկ չեն կարող ակադեմիական պաշտոններ զբաղեցնել։ Նոր օրենքի համաձայն` կկարգավորվեն բուհերի ֆինանսավորման հետ կապված հարցերը։