Բավ է պառակտվել
03-10-2017 14:15

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման պատճառով Ջերմուկի հանքային ջրերը վտանգվել են (Լուսանկար, տեսանյութ)

Ամուլսարի ոսկու հանքը հայտնաբերվել է 2006թ.: Երկրաբանների գնահատմամբ այն խոշորագույնն է Հանրապետության տարածքում: Նրանց տվյալներով, երկրի հարավ- արևելքում՝ Արփա և Որոտան գետերի արանքում, Ջերմուկ քաղաքի մոտակայքում հայտնաբերված հանքը պարունակում է մոտ 31 միլիոն տոննա թանկարժեք հանքաքար, և 40 տոննա մաքուր ոսկի: Ոսկու հանքի շահագործման վերաբերյալ խոսակցությունները սկսվել են անմիջապես դրա հայտնաբերումից հետո:
Նախապատրաստական աշխատանքները տևել են տասը տարի: Երկրաբանական հետախուզությունն իրականացրել է Lydian International ընկերությունը, որի գլխավոր բաժնետերն է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Ամուլսարի վրա ապագա հանքի շինարարությունն ընկերությունը սկսել է 2016թ. օգոստոսին:

« Ոսկե» շինարարության բացմանը մասնակցել է նաև կառավարության ղեկավարը: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ Ամուլսարի նախագիծը Հայաստանի խոշորագույն միջազգային ներդրումային ծրագրերից է: Միայն նախագծի շինարարության համար նախատեսված ծախսերը կազմում են 370 մլն դոլար: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2018 ամռանը: « Մենք երկար ճանապարհ ենք անցել, ունեցել ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, սակայն կարևորն այն է, որ շինարարությունը մեկնարկել է, ինչի համար ես իբրև կառավարության ղեկավար ուրախ եմ»,- հայտարարել է նա:

 
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը, Հայաստանի կանաչների միությունը, «Էկոլուր» , «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա», « Ջերմուկի զարգացման կենտրոն», « Բնապահպանական ակադեմիա» ՀԿ-ները դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրին տրված բնապահպանական դրական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու կոչով:

 
Դիմումում ասված է.
Երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից, ուսումնասիրել են Lydian International ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են իրենց գնահատականներն ու եզրակացությունները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ: Դրանք մասնավորապես առնչվում են հանքավայրի թթվային ապարների դրենաժի (ԹԱԴ) գոյացման պոտենցիալին և մակերեսային ու ստորգետնյա ջրերի վրա դրա ազդեցությանը, ջրաերկրաքիմիական խնդիրների գնահատմանը, ինչպես նաև աղտոտման ենթակա ջրերի մաքրման հարցերին։

 
Դրանցում գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի վերոնշյալ փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում և կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ և ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն և այլ լրջագույն խնդիրներ։ Պարզվել է նաև, որ Lydian-ին դեռ անհրաժեշտ է կատարել մոտ երեք տասնյակ հանձնարարականներ և ուսումնասիրություններ, որոնցից մի մասը խոշոր են, խիստ ծախսատար և երկարաժամկետ։
Այս ամենի ուսումնասիրման արդյունքում այդ կազմակերպությունների անկախ փորձագետները եկել են հետևյալ միասնական եզրահանգմանը.
«Ամուլսարի հանքի շահագործումը չի կարելի սկսել այնքան ժամանակ, քանի դեռ բաց մնացած էկոլոգիական բոլոր խնդիրները պատշաճ կերպով չեն ուսումնասիրվել անկախ մարմինների/խորհրդատուների կողմից։ Նրանց հայտնաբերած բացթողումները պետք է ներմուծվեն թթվային և մետաղ պարունակող դրենաժի կառավարման պլանի մեջ, որոնք կներառեն նաև թե կառավարության, թե ընկերության պատասխանատվություններն ու պարտականությունները»:
Մենք ևս ուսումնասիրել ենք անկախ փորձագետների հաշվետևություններն ու համոզվել, որ դրանցում ներկայացված փաստերը գիտականորեն հիմնավորված են և լիովին կարող են իրավական հիմք հանդիսանալ Ամուլսարի ոսկու ծրագրի կասեցման համար։
ՀՀ կառավարությունը, չունենալով համապատասխան փորձառություն և մասնագիտական կարողություններ, ըստ էության չի իրականացրել սեփական մասնագիտական լուրջ փորձաքննություն, այլ ընդամենը հավատացել է Lydian -ի ներկայացրած փաստաթղթերում ներկայացված ենթադրություններին՝ անտեսելով մնացած բոլոր առարկություններն ու անկախ մասնագետների հիմնավորումները։
Մենք կոչ ենք անում ՀՀ վարչապետին հանձնարարել բնապահպանության նախարարությանը, որպեսզի նա լրջագույնս ուսումնասիրի և գնահատի միջազգային փորձագետների վերոնշյալ փաստաթղթերը, քանի որ նրանցում հստակ նշված է, որ հանքարդյունահանման հետևանքով աղտոտված ջրերի վնասազերծման ծախսերը կարող են բազմապատիկ գերազանցել պետության գանձարան մուծվելիք հարկերը, իսկ անկանխատեսելի դեպքերում՝ ամբողջովին մնալու են պետության և Հայաստանի քաղաքացիների ուսերին։
Միջազգային կազմակերպությունների կողմից արված հետազոտություններում առկա են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք լուրջ կասկածի տակ են դնում Lydian-ի ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը:
Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ Ամուլսարն իր յուրահատուկ աշխարհագրական դիրքի և նախատեսվող գործունեության հսկայական ծավալների պատճառով պետք է արժանանա հատուկ ուշադրության, և բոլոր տեսակի վտանգները պիտի լինեն մասնագիտորեն խիստ հիմնավորված և մոդելավորված։ Չէ որ լրջագույն վտանգի տակ են հայտնվելու Ջերմուկի հանքային ջրերը, Որոտան, Արփա, Դարբ գետերի ավազանները, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներն ու դրանք միմյանց միացնող ջրատար թունելն ու ի վերջո նաև Սևանա լիճը։
Բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ամուլսարի հանքավայրի տեղամասերի մեծ մասը գտնվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով կարող է ազդել Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա («Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված): Վերոնշյալ հետազոտություններն ապացուցում են, որ այդ բացասական ազդեցություններն անխուսափելի են և լիարժեք գնահատված չեն Lydian -ի կողմից։
Միջազգային փորձագետների վերոնշյալ հետազոտությունների արդյունքներն ըստ էության էկոլոգիական նոր գործոններ են, որոնք ի հայտ են եկել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի ՇՄԱԳ հաշվետևության փորձաքննությունն իրականացնելուց և դրական եզրակացություն տալուց հետո։ Ուստի առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի նա համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, ուժը կորցրած ճանաչի այս նախագծին նախկին նախարարի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը։