Բավ է պառակտվել
20-06-2014 14:10

Պատկառելի թվով աշխատանքային միգրանտներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, ամփոփելով ՌԴ օրենսդրական վերջին փոփոխությունների ազդեցությունը ՀՀ քաղաքացիների վրա, նշեց, որ պատկառելի թվով աշխատանքային միգրանտներ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից՝ 3-5 տարով արգելափակվել է մուտքը Ռուսաստանի Դաշնություն ու այսօր այդ մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: «Հայաստանյան աշխատանքային շուկան այդքան մարդու աշխատանքով ապահովելու հնարավորություն չունի: Չեմ կարող ենթադրել՝ ինչ կլինի այդ մարդկանց վիճակը: Որ վատ կլինի, դա հաստատ, բայց թե ինչքան ֆինանսական կուտակումներ ունեն, դժվար է ասել ու ենթադրել, թե որքան կդիմանան: Լուծումներ չեմ տեսնում այս պահին»,- ասաց նա: Ըստ մասնագետի` արտագաղթի մասին խոսելիս, պետք է տարբերակել երկու երևույթ՝ մշտական բնակության մեկնողներ և աշխատանքի միգրանտներ: «Իհարկե, երկու երևույթներն էլ բացասաբար են ազդում, բայց աշխատանքային միգրացիային չեմ ուզում շատ բացասական գնահատական տալ: Ամեն դեպքում այս պահին պետք է համակերպվենք, քանի դեռ Հայաստանում աշխատանքը հնարավորություն չի տալիս մարդուն արժանապատիվ գոյատևում ապահովել ընտանիքի համար»,- եզրափակեց Ռուբեն Եգանյանը: