Բավ է պառակտվել
01-05-2015 08:06

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ճանաչում են ԼՂՀ ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), Փարիզում կայացած ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Համանախագահների կողմից տարածված հայտարարության համաձայն՝ նախարարները համանախագահներին մանրամասներ են ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ապրիլի 24-25-ին Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին: «Մենք շեշտել ենք յուրաքանչյուր նախարարին երկու երկրների նախագահների երկխոսության ակտիվացման և այս տարվա ընթացքում ավելի ուշ նախագահների հանդիպում կազմակերպելու կարևորությունը: Նախարարները համաձայնեցին կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը ձևակերպելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ համանախագահները նաև արձանագրել են, որ մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղիվերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- նշել են համանախագահները: