Բավ է պառակտվել
25-11-2014 16:59

Խոցված ուղղաթիռի «սև արկղերը» դուրս են բերվել և ուղարկվել փորձաքննության

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի թռիչքի ամբողջ գործընթացը գրանցած սարքերը նոյեմբերի 22-ին հայկական զինուժի իրականացրած հատուկ գործողության ժամանակ դուրս են բերվել եւ այժմ ուղարկվել են փորձաքննության: «Ուղղաթիռի դեպքում ոչ թե սեւ արկղ է, այլ թռիչքուղին գրանցող համապատասխան սարքեր, որոնք հատուկ գործողության արդյունքում դուրս են բերվել եւ արդեն ուղարկվել են փորձաքննության: Մենք արդյունքները ներկայացնելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները, որոնք նոյեմբերի 25-ին զինվորական կարգով հողին հանձնվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: