Բավ է պառակտվել
15-02-2014 12:50

Մետրոպոլիտենի աշխատողներին աշխատանքից ազատել են ակցիային մասնակցելու համար


Աշխատանքից ազատված, մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները պատրաստվում են գործատուի նկատմամբ հայց ներկայացնել: Հիշեցնենք, որ նրանց աշխատանքից ազատել էին այն բանից հետո, երբ վերջիններս բողոքել էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Նրանց աշխատավարձից պահվել էր 5 տոկոս: Երեքին՝ Գագիկ Գալստյանին, Անդրանիկ Գևորգյանին և Սևակ Հովհաննիսյանին, աշխատանքից ազատել են Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անվստահություն աշխատողի հանդեպ:
Լրագրողների հետ հանդիպմանը նրանք նշեցին, որ գրավոր նկատողություն չեն ստացել, արդեն 15 տարի աշխատում են մետրոպոլիտենում: Տնօրինությունը վերոնշյալ աշխատակիցների հետ զրույցում նշել է, որ աշատանքից ազատում են, քանի որ բողոքի ակցիա են կազմակերպել և լրագրողներ են հրավիրել:
Ըստ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի իրենք իրավաբան ընկերներ ունեն, ովքեր կօգնեն աշխատանքից ազատվածներին: Ըստ նրա, առանց նախազգուշացման աշխատանքից ազատելը պարզապես անօրինական է:
<< Այս քայլով նրանք ճնշում են գործադրում նախաձեռնության վրա, սա կլինի մեր առաջին հայցը, բայց ոչ վերջինը: Ուր է մետրոպոլիտենի արհմիությունը, ինչու չեն արձագանքում և չեն պաշտպանում իրենց աշխատակիցներին>>, -հավելեց Դավիթ Մանուկյանը: