Բավ է պառակտվել
07-05-2014 17:07

Կուտակային համակարգի դեմ պայքարող Մետրոպոլիտենի աշխատակիցներին ՛՛ստիպել են՛՛ ակցիայի համար ներողություն խնդրել

Կուտակային համակարգի դեմ հանդես եկող Մետրոպոլիտենի աշխատակիցների իրավունքների համար պայքարը դեռևս շարունակվում է: Հիշեցնենք, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի 15 տարվա աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սևակ Հովհաննիսյանը և Անդրանիկ Միրզոյանը աշխատանքից ազատվել են այս տարվա փետրվարի 14-ին և այժմ դատական կարգով փորձում են վերականգնել իրենց խախտված իրավունքները: Նրանց պաշտպանությամբ հանդես եկող «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը մետրոպոլիտենի ղեկավարությանն ուղղված գրությամբ խնդրել է, որ անօրինական պահանջները վերացվեն և աշխատանքի վերականգնեն նախկին աշխատողներին, ու վեճը լուծվի արտադատական կարգով: Կազմակերպությունը, բացի դրանից, մետրոպոլիտենից պահանջել է աշխատակիցներին տրամադրել աշխատանքից ազատելու իրավական հիմքերը, սակայն մերժում ստացել:

Նախօրեին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ մեկնարկել է Մետրոպոլիտենի երեք աշխատակիցների դիմումի հիման վրա գործի քննությունը: Նշենք, որ նրանք այն աշխատակիցներն են, ովքեր մինչև աշխատանքից ազատվելը պայքարում էին պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ: Նրանք պահանջում են աշխատանքի վերականգնում և պարապուրդի վճարների փոխհատուցում:

Երեկվա նախնական դատական նիստում պատասխանող կողմ հանդես եկող մետրոպոլիտենի իրավաբանական վարչության պետ, պատասխանող Արտակ Երեմյանը ներկայացրել էր, որ հայցվորները պայմանագրով նախատեսված աշխատանքային պարտավորությունները պատշաճ չեն կատարել, ինչն էլ նրանց աշխատելու հիմք է եղել: Մասնավորապես, մեքենասրահ են թույլ տվել մարդկանց, ովքեր իրավունք չունեին գտնվելու այնտեղ: Երեկվա նիստը ընդհատվել էր պատասխանող կողմի` ամբողջական փաստաթղթերը ներկայացնելու դեպքում, մայիսի 31-ին:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան, հայցվորների ներկայացուցիչ Քրիստինե Գևորգյանը այսօր, հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ մետրոպոլիտենի տնօրինությունը մինչև դատական նիստը կանչել էր իր վստահորդներին, բայց ոչ թե աշխատանքի վերականգնելու, այլ մեղավորներին գտնելու համար:

«Մեզ կանչել էր մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յալյոյանը, ներկայացրեց այնպես, որ քաղաքապետը հորդորել է, որ մենք գնանք այնտեղ, որ ինքը մեզ լսի, թե ի՞նչ ունենք ասելու: Մենք ասացինք՝ ինչ ունենք ներկայացրել ենք ձեզ, հանդիպելու ենք դատարանում, ինքն ասաց՝ ներողություն խնդրեք շենքի մոտ ակցիա անելու համար»,- ներկայացրեց աշխատանքից ազատված Անդրանիկ Միրզոյանը:

Այնուհետև աշխատանքից հեռացված մյուս հյուրը` Գագիկ Գալստյանը, պատմեց, որ իրենց հարցրել են, թե արդյոք չե՞ն զղջում իրենց արարքների համար:

«Մենք էլ պատասխանեցինք, որ այնպիսի բան չենք արել, որ զղջանք մեր արածների համար», ասաց նա:

Նրանց խոսքով, 15 տարի աշխատելով մետրոպոլիտենում այն դարձել է իրենց երկրորդ տունը և նույն ջանասիրությամբ էլ կշարունակեին աշխատել այդ կառույցում: