Բավ է պառակտվել
06-05-2014 12:32

Մետրոպոլիտենից հեռացված աշխատակիցների գործով առաջին դատական նիստը սկսվել է

Այսօր, Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Երևանի Մետրոպոլիտենի տնօրինության կողմից ամիսներ առաջ ազատված երեք աշխատակիցների գործով դատական առաջին նիստը: Նրանք ազատվել էին աշխատանքից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ կազմակերպված ցույցից հետո, և վերջիններիս պնդմամբ՝ աշխատանքից ազատման պատճառը ցույցին իրենց մասնակցությունն է։

Հայցվորի կողմից ներկա էին երեք ներկայացուցիչներ՝ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը՝ փաստաբան Քրիստինա Գևորգյանի հետ, և Մետրոպոլիտենի իրավաբանական բաժնի պետ Արտակ Երեմյանը, ով հանդիսանում է պատասխանող կողմի ներկայացուցիչ: Դատական գործը քննում էր դատավոր Սիմիզար Հովսեփյանը:

Փաստաբան Քրիստինա Գևորգյանը ներկայացրեց հայցվոր կողմի պահանջը, այն էր՝ անվավեր ճանաչել հայցվոր կողմի երեք ներկայացուցիչների աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել աշխատանքը և փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար:

Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը նշեց, որ ընկերության նախկին աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, իսկ եթե պնդում են հակառակը, ապա պետք է ապացուցեն: Դատարանի հարցին, թե ինչ է նշանակում պարտականությունները պատշաճ չեն կատարել, պարզաբանեց. «Սովորաբար մեքենայի տեխնիկական վիճակն է ստուգվում, որի մասին գրառումներ պետք է արվեր գրանցամատյանում, որոնք բացակայել են, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք թույլ են տվել հայցվորները: Մեքենախցիկում գտնվել են մարդիկ, որոնք իրավունք չունեին այդտեղ լինել»։

Ի պատասխան ՛՛մեղադրականների՛՛ դատավորը նշել է. «Ես այդպես էլ չհասկացա, թե հայցվորների կատարած խախտումները ինչում են կայանում»։

Դատարանից խոսք խնդրեց հայցվոր Անդրանիկ Գևորգյանը և նշեց, որ եթե գրանցամատյանում գրառում չեն կատարում, ապա միևնույնն է՝ տեղադրված են ձայնագրման սարքեր և իրենց յուրաքանչյուրը բառը ձայնագրվում է, նաև նշեց, որ եթե ինքը ձգման կայանում շարժասանդուղքի տեխնիկական վիճակը չստուգի, ապա ավտոմատ կայանները կանգ կառնեն և անմիջապես տույժի կենթարկվեն հերթապահն ու իր վերադասը:

«Ինչ վերաբերում է նրան, որ երրորդ անձի ենք թույլ տվել ներկա լինել, ապա նշեմ, որ փետրվարի 13-ին տեղի է ունեցել էներգածառայության վթար, այնտեղ գտնվել են բազմաթիվ այլ մարդիկ և վթարի հետևանքները վերացրել մինչև աշխատանքային օրվա ավարտը»,-հավելեց նա։

Մետրոպոլիտենի ներկայացուցիչը նշեց, որ ասվածի վերաբերյալ ինքը փաստարկներ չունի և կներկայացնի դրանք հաջորդ նիստին, որը տեղի կունենա մայիսի 31-ին ժամը 15:00-ին: