30-11-2016 16:35

Aurora Prize 2017-ի միջոցառումները կանցկացվեն Երևանում ապրիլի 24–ից մայիսի 28–ը

«Ավրորա» մրցանակի 2017թվականի հիմնական միջոցառումները կանցկացվեն ապրիլի 24-ից մայիսի 28-ը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ Aurora Prize մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների: 2016թ. ապրիլի 24-ին Երևանում կայացած Aurora Prize անդրանիկ մրցանակաբաշխության ընթացքում Բուրունդիի REMA հիվանդանոցի և Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն դարձավ մրցանակի առաջին դափնեկիրը: Բարանկիցեն գնահատանքի արժանացավ այն բացառիկ ազդեցության համար, որ նա ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին՝ փրկելով հազարավոր կյանքեր և օգնության ձեռք մեկնելով որբերին ու փախստականներին:

«2017 թ.-ի Aurora Prize մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին, իսկ հատուկ արարողության ժամանակ, որը տեղի կունենա Երևանում 2017 թ.-ի մայիսի 28-ին, հավակնորդներից մեկը կճանաչվի մրցանակի դափնեկիր», - ասաց Ջիլավյանը:

Դափնեկրին և հավակնորդներին կորոշի Aurora Prize մրցանակի ընտրող հանձնաժողովը՝ 66 երկրից ներկայացված 558 առաջադրումներից:

Ջիլավյանը նաև նշեց, որ եզրափակիչ արարողության ամսաթիվը` մայիսի 28-ը, պատահաբար չի ընտրվել:

«Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը, որը Հայոց ցեղասպանությունը վերապրողների կամքի դրսևորումն է, որոնք Եղեռնից ընդամենը երեք տարի անց հռչակեցին Հայաստանի առաջին հանրապետությունը: Մրցանակի հանձնման արարողությունը և ուղեկցող միջոցառումները կարժևորեն այդ ուղին՝ մահից դեպի կյանք, սարսափից դեպի հույս, կործանումից՝ վերածնունդ», - ընդգծեց Aurora նախաձեռնության ղեկավարը:


Նրա խոսքով, ինչպես նշեց Ջիլավյանը, հայ ժողովուրդն անդադար աշխատում է այն ուղղությամբ, որ նրան ընկալեն ոչ թե որպես զոհ, այլ որպես աշխարհի արժանի և գործուն քաղաքացիների, և այդ համատեքստում Aurora Prize մրցանակաբաշխությունը նշանավորում է համամարդկային արժեքների գերակայությունը։

Ավելի քան մեկ ամսվա ընթացքում` ապրիլի 24–ից 28–ը, Aurora Prize մարդասիրական նախաձեռնությունը կիրականացնի միջոցառումների միջազգային ծրագիր, որի նպատակն է` արժանին մատուցել Մրցանակի հաղթողների ոգեշնչող պատմություններին և մարդասիրական այլ լայնածավալ նախաձեռնություններին։

«Ավրորա» մրցանակի նպատակն է ձևավորել լայնածավալ և համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է մինչև մեկուկես միլիոն հայի կյանք խլած Հայոց ցեղասպանությունն ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու գոյապայքարի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ բախտավոր վերապրածները փրկվել են բացառապես խիզախ անհատների և մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն մարդասիրության ոլորտի հրատապ հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, 100 LIVES նախաձեռնությունը և Երախտագիտության նախագծերը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի նախագծերից է:

Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որը նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրական գործն առաջ մղելու վրա։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100,000 դոլարի պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպությանը։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակակիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու մարդասիրության ասպարեզի առաջամարտիկ Ջորջ Քլունին։