Բավ է պառակտվել
03-12-2014 15:47

Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ համաքաղաքացիներ,
ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: Սա ևս մեկ լրացուցիչ առիթ է հանրության ուշադրությունը սևեռելու հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին, ինչպես նաև հնարավորություն մեզ համար՝ արվածն ամփոփելու և նոր ծրագրեր կազմելու:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար Երևան քաղաքը մատչելի դարձնելու խնդիրը մեր առաջնահերթությունների ցանկում է, և մենք այս ուղղությամբ շարունակաբար իրականացնում ենք տարբեր ծրագրեր: Այսօր արդեն իսկ տեսանելի են մայրաքաղաքում վերջին երկու տարիներին կատարված աշխատանքների արդյունքները. փողոցներում, մայթերին, հասարակական նշանակության օբյեկտների մուտքերում և հասարակական այլ վայրերում կառուցված թեքահարթակները հնարավորինս նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը քաղաքային կյանքին: Սակայն մենք գիտակցում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան այս ուղղությամբ, ուստի 2014-ին մենք կրկնապատկեցինք այս նպատակով բյուջեից հատկացումներն ու փորձելու ենք շարունակել լրացուցիչ միջոցներ ևս ներգրավել նմանատիպ ծրագրերի իրականացման համար:
Առաջիկայում մայրաքաղաքի տարբեր երթուղիներում կերթևեկեն հատուկ վերելակներով հարմարեցված 10 ավտոբուսներ, որոնց քանակը ևս տարեցտարի մտադիր ենք ավելացնել: Գնալով ավելի ու ավելի կսերտանա Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, որոնց ներկայացուցիչները ներգրավված են և ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր կազմելու գործընթացին, այլև անմիջական վերահսկողություն են իրականացնում դրանց հավուր պատշաճի կատարման համար:
Սիրելի՛ համաքաղաքացիներ, վստահեցնում եմ, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները եղել և մնում են Երևանի քաղաքապետարանի ու անձամբ իմ ուշադրության կենտրոնում, և մենք մեր գործառույթների շրջանակում հստակ քայլեր ենք ձեռնարկում դրանց լուծում տալու համար: