Բավ է պառակտվել
28-03-2015 10:14

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ԵԹԿՊԻ «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալով

Թատրոնի միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Այցի շրջանակում քաղաքապետը նախ մասնակցել է ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ինստիտուտի հիմնադիր, ռեկտոր Վավիկ Վարդանյանի հուշաքարի բացմանը: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ռեկտոր Դավիթ Մուրադյանի, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, անվանի արվեստագետների և ուսանողների հետ միասին դիտել է Թատրոնի միջազգային օրվան նվիրված ուսանողական բեմադրությունը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորատի աշխատակազմի և ամբողջ ուսանողության անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ կրթության և մշակույթի օջախի հանդեպ ցուցաբերվող մշտական հոգածության և ուշադրության համար, ռեկտոր Դավիթ Մուրադյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է ԵԹԿՊԻ «Արվեստի մեկենաս» Պատվո մեդալով:
Շնորհավորելով թատերարվեստի աշխարհի ներկայացուցիչներին ու ուսանողներին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին և ուսանողներին:
«Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է մշտապես լինել ձեր կողքին, և համոզված եղեք, որ ի դեմս մեզ՝ դուք ունեք վստահելի բարեկամ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միջոցառման շրջանակում, ծննդյան 70-ամյակի առթիվ ԵԹԿՊԻ Պատվո մեդալով էլ պարգևատրվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: