17-10-2014 13:40

Մեր երկրում ընտանիքների մոտ 42 տոկոսն աղքատ է.սոցիոլոգ

Այսօր նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Այս օրվա պատմությունը կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ: Հենց այսօր էին ավելի քան հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես հարգանքի տուրք ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի մատնված մարդկանց: ՄԱԿ-ը 1992թ. դեկտեմբերի 22-ին ընդունված իր հռչակագրով հոկտեմբերի 17-ը հռչակեց Աղքատության վերացման դեմ պայքարի միջազգային օր ու կոչ արեց բոլոր պետություններին այս օրը պայքարել աղքատության դեմ: Օրվա հետ կապված այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ պաշտոնական տվյալներով, Հայաստանում ընտանիքների մոտ 42 տոկոսն աղքատ է, որից 10,2 տոկոսը` չքավոր, սակայն նրանցից միայն 3,7 տոկոսն է իրեն համարում ընչազուրկ.
«Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում իրեն աղքատ է համարում հարցվածների 19,4 տոկոսն, այն դեպքում, երբ իրական աղքատության մեջ ապրում է շուրջ 42 տոկոսը: Մեր երկրում յուրաքանչյուր 7-րդ ընտանիք ամեն օր սոված է պառկում քնելու»:
Սոցիոլոգի խոսքով` համեստ ապրողների թիվը մոտ 40 տոկոս է, մինչդեռ իրեն համեստ ապրող համարում է հարցվածների 70 տոկոսը: Իսկ 13 տոկոսը կազմում են հարուստ-ունևոր խավը, սակայն այդ խավի միայն 2.2 տոկոսն է խոստովանում, որ հարուստ է:
«Մեզ մոտ հարուստ-ունևոր լինելը պատվաբեր չէ, բոլորը լաց են լինում, որ մի կերպ «յոլա» են գնում, բացի այդ, հարուստները փորձում են այդ մասին չբարձրաձայնել, որպեսզի բարեկամները չսկսեն իրենցից պարտքով գումար խնդրել», - նշեց Ա.Ադիբեկյանը հավելելով, որ մեր երկրում օլիգարխների թիվը կազմում է ընդհանուր բնակչության միայն 0.2 տոկոսը:
Մասնագետը նաև նշեց, որ երջանիկ երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 53-րդ տեղը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն գտնվում է ցուցակի 105-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 122-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Վրաստանը՝ 55-րդ տեղում: Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում բնակվում է 2,5 միլիարդ աղքատ մարդ, որից 1 միլիարդը չքավոր է: