Բավ է պառակտվել
09-12-2013 21:08

Երևանի քաղաքապետը նախազգուշացրել է ուղևորափոխադրողներին

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձյան տեղումներով պայմանավորված, ուղևորափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ սպասարկումն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության և խստորեն նախազգուշացնել՝ կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:

«Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որևէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել, հատկապես հաշվի առնելով, որ դա պայմանագրային պարտավորություն է, ինչը ենթադրում է նաև շատ որոշակի պատասխանատվություն, ընդհուպ լիցենզիայից զրկում, եթե ընկերությունը պատշաճ սպասարկում չի իրականացնում: Խստորեն նախազգուշացրեք բոլորին, որ կատարեն ստանձնած պարտավորությունները և չփորձեն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորել իրենց գործունեությունը: Մեզ համար առաջնահերթը մեր համաքաղաքացիների պատշաճ սպասարկման ապահովումն է, ինչը և նրանք պարտավոր են կատարել: Խստորեն հետևեք, որպեսզի ապահովվի անհրաժեշտ մեքենաքանակ և որ երթուղիները սպասարկեն սահմանված ժամանակացույցով»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: