Բավ է պառակտվել
08-05-2015 13:09

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ, սիրելի երկրապահներ,
սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ:
Արցախյան ազատամարտի փառապանծ հաղթանակում իսկապես անուրանալի է երկրապահ կամավորականների ունեցած վաստակը, քանզի մինչև հայկական կանոնավոր բանակի կազմավորումը հենց մեր նվիրյալ ազատամարտիկներն էին, որ ստանձնեցին հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն ու, ի պատիվ իրենց, պատվով տարան այն ու հերթական անգամ փառքով պսակեցին հայ զորականի անունը:
Ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները շարունակեցին մնալ Հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ նպաստելով մեր փառապանծ հաղթանակներին: Ցավոք, այդ հաղթանակները տրվեցին նաև նրանցից շատերի կյանքերի գնով, հաղթանակներ, որոնցով դեռ շատ սերունդներ են հպարտանալու:
Նշելով Երկրապահի օրը՝ մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված ազատամարտիկների հիշատակին` միաժամանակ կրկին պարտավորություն ստանձնելով պահպանել մեր հերոս նահատակների կյանքի գնով ձեռքբերվածը:
Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և այրիներ,
Երկրապահի օրը նաև ձե՛ր տոնն է, ձեր անսպառ համբերության և անսասան կամքի գնահատման օրը: Խորին երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ: Դուք իրապես արժանի՛ եք գնահատանքի ու մեծարումի: Համոզվա՛ծ եղեք, որ շարունակելու եմ լինել ձեր կողքին և իմ ուժերի ու հնարավորությունների սահմանում մշտապես սատարելու եմ ձեզ: