Բավ է պառակտվել
01-08-2016 16:37

Սարի թաղի բնակիչների կրած վնասները կգույքագրվեն սեղմ ժամկետներում

Սարի թաղի բնակիչների կրած վնասները գույքագրելու համար կստեղծվի աշխատանքային խումբ: Այս մասին բնակիչներին հայտնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սարի թաղ, հանդիպել բնակիչների հետ և տեղում ծանոթացել վերջին օրերի իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած վնասներին:

Զրուցելով սարիթաղցիների հետ` Տարոն Մարգարյանը նշել է, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին և քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություններին ու պատասխանատու կառույցներին հանձնարարված է ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կգույքագրի առկա վնասները, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց վերականգնման ուղղությամբ:

«Արդեն իսկ հանձնարարել եմ սեղմ ժամկետներում գույքագրել ինչպես Սարի թաղի, այնպես էլ Խորենացի փողոցի մեր բնակիչների կրած վնասները, որից հետո կարճ ժամկետում քայլեր ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:

Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Տոնոյանների տուն, որը համեմատաբար շատ էր տուժել, ծանոթացել է տան կրած վնասներին և զրուցել ընտանիքի անդամների հետ, որոնց կրած գույքային վնասների վերականգնման հարցում ևս կցուցաբերվի համապատասխան աջակցություն: