08-01-2014 17:08

Մեքենայով մխրճվել է ռեստորանի շենքի մեջ

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Սամվել Ղարիբյանը: Հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ Ս. Ղարիբյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջանիբեկյան փողոցի վրա գտնվող «Շանթ» ռեստորանային համալիրից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վթարի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժնի պետ Վանիկ Ալթունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ Ս. Ղարիբյանը իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել է «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք և կոտրել բարմենի սեղանը և գույքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչին հայտնել է, որ ինքը միտումնավոր չի մխրճվել «Շանթ» ռեստորան, «աչքերի դեմը սևացել է» և չի կարողացել կառավարել: