14-07-2014 15:04

Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ. ՀՀ ՊՆ


Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ: Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ:

Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել եւ դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որեւիցէ տարբերանշան եւ կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն եւ սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր եւ այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության եւ Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:

Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին»,- ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: