10-10-2015 09:28

Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է 2015-2020 թթ. համագործակցության ծրագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի տոնը միասին նշելու հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված ամուր բարեկամության ևս մեկ ապացույց է և աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն:
«Ստեփանակերտի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն անցած ժամանակահատվածում իսկապես եղել է նկատելի ու արդյունավետ, ինչն էլ, ըստ էության, այսօր արդեն հնարավորություն է ընձեռել ստորագրելու համագործակցության նոր համաձայնագիր: Համոզված եմ, որ հնգամյա ժամկետով ստորագրվող համագործակցության նոր ծրագիրը ևս կյանքի կկոչվի ամբողջությամբ, և համագործակցության շարունակականության շնորհիվ մենք կգրանցենք նշանակալի արդյունքներ: Իմ կողմից անչափ կարևորված է նաև համագործակցությունը վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ու պետք է նշեմ, որ այն ևս հաջող ընթացք ունի: Միայն այս տարվա ընթացքում ԼՂՀ են այցելել վարչական շրջանների 30-ից ավելի պատվիրակություններ, ու իրականացվում են բազմաթիվ ծրագրեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ իր հերթին շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի օրվա առթիվ, շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար:
«Պարոն քաղաքապետ, այսօր իսկապես հաճելի է արձանագրել, որ երկուստեք մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ, գրանցվող հաջողություններն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում ցուցաբերվող մշտական պատրաստակամության ու ջանքերի համար: Օգտվելով առիթից` ուզում եմ առանձնակի կարևորել նաև Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև հաստատված համագործակցությունը, որը ևս Ձեր նախաձեռնությունն էր ու արդյունավետորեն կյանքի է կոչվում»,- նշել է Սուրեն Գրիգորյանը:
Այնուհետ երկու քաղաքապետերը ստորագրել են Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության նոր՝ հնգամյա ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում շարունակել ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն, ինչպես նաև երկու քաղաքներում գործող կազմակերպությունների և գործարար շրջանակների միջև առկա կապերի ամրապնդում: