27-02-2014 15:35

Նոր պոմպակայաններ`մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման որակը բարձրացնելու նպատակով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, համատիրությունների հետ համատեղ,«Երևան Ջուր» ընկերությունը գույքագրում, այնուհետ նաև իրականացնում է հրատապ միջամտություն պահանջող աշխատանքները: Այդ համատեքստում փետրվար ամսին թվով 18 ջրամղիչ նոր պոմպեր են տեղադրվել`45 միլիոն դրամ արժողությամբ: Արդյունքում զգալիորեն բարելավվել է բազմաբնակարան շենքերում բնակվող շուրջ 1500 բաժանորդների, կամ շուրջ 5000 քաղաքացիների ջրամատակարարումը:
Նոր, գերժամանակակից պոմպերի տեղադրումից հետո տվյալ տարածքների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման տևողությունը հասել է 24 ժամի: Այսպիսով, մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը ջրով ապահովող 365 պոմպերից 320-ն արդեն փոխարինվել են նորերով, ինչը զգալիորեն բարելավել է մատակարարվող ծառայությունների որակը: Ընդ որում, «Երևան Ջուր» ընկերության մասնագետները փաստում են, որ ժամանակակից ու նաև էներգիա խնայող պոմպակայանները անխափան կգործեն նվազագույնը 6-7 տարի: Իսկ խորհրդային տարիներին տեղադրված ու դեռևս գործող մյուս 45 պոմպերը նորերով կփոխարինվեն 2 տարվա ընթացքում: