Բավ է պառակտվել
12-04-2014 14:35

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը ողջունվում է Մայր աթոռի կողմից

Այսօր տեղի ունեցավ Մայր աթոռ Սբ Էջմիածնի միջեկեղեցական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման փաստին: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ Այս առիթով միջեկեղեցական խորհուրդը նամակ ուղղեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` հանուն Հայ եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի գնահատանք փոխանցելով նրան և հանձնաժողովի անդամներին: Նամակում մասնավորապես կարևորվում է Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցի սեմին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նման բանաձևի որդեգրումը և ընդգծվում, որ այն խթան կլինի աշխարհում խաղաղության հաստատման, մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման և դատապարտման գործում: