Բավ է պառակտվել
14-05-2015 12:37

Ավետիսյանների սպանության մեջ հստակ առկա է դիտավորություն. փաստաբան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները մանրամասներ ներկայացնելով փորձաքննությունների արդյունքների մասին, ասացին, թե փորձագետի եզրակացությունը 143 էջից է բաղկացած:
«Կրակող անձը կանգնած է եղել տան կամարի մեջ և կրակել է, և պարկուճներն առկա են նաև պատի մեջ: Ննջասենյակ մտնող դռան արանքում նույնպես կրակոցներ են եղել: Ըստ փորձագետի եզրակացության՝ արձանագրվել են սվինային վնասվածքներ, մասնավորապես անկողնային պարագաների վրա»,-ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հարցեր կան, որոնք դեռևս չեն պարզաբանվել:
«Դեռևս պարզ չէ այն հարցի պատասխանը, թե տուժողներն ինչ դիրքում են գտնվել հրազենային կրակոց ստանալու պահին: Դրա վերաբերյալ կրկին համալիր փորձաքննություն է նշանակված: Գրեթե բոլոր հրազենային վնասվածքների դեպքում, որոնք առկա են բնակարանում, ինքնաձիգի փողը հորիզոնական է եղել, այսինքն՝ վերևից ներքև կրակոց չի եղել: Բոլոր դեպքերում կրակելու համար բնական դիրքում է եղել հրազենը»,-նշեց Միհրան Պողոսյանը:
Փաստաբանն Լուսինե Սահակյանն ասաց, թե այս քրեական գործով ամենահետաքրքիրը գենետիկական փորձաքննության արդյունքներն են, որոնք ամփոփված են դատաբժշկական եզրակացության մեջ:
Նրա խոսքով՝ հյուրասենյակում գտնվել է Աիդա Ավետիսյանը, ով չի էլ հասցրել տեղաշարժվել, սակայն ըստ փորձաքննության՝ երևում է, որ վերմակը բարձրացված է եղել:
«Պետք է հաշվի առնենք, որ մինչև քննիչները հասել են դեպքի վայր, այնտեղ են եղել բժիշկները և փորձել են առաջին օգնություն ցույց տալ: Հետևաբար, չենք կարող ասել, որ նա արթուն է եղել»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Երկրորդ սենյակում գտնվածները՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները՝ տատիկը և պապիկն են եղել, և նկարներից պարզ է դառնում, որ Հասմիկ Ավետիսյանը հաստատ արթուն է եղել և նրա ոտքերը անկողնուց ներքև են եղել:
«Կարող ենք ասել, որ պապիկը նույնիսկ պայքարել է, քանի որ նրա վրա, բացի հրազենային վնասվածքից, կային քերծվածքներ: Ակնհայտ է, որ պապիկը փորձել է պայքարել, և երբ ստացանք գենետիկական փորձաքննության արդյունքները, պարզ դարձավ, որ ինքնաձիգի խզակոթին առկա է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ի հետքերը: Նա դիմադրություն է ցույց տվել: Փոքրիկ Հասմիկ Ավետիսյանը նույնպես եղել է երկրորդ սենյակում, և նա մեկ վնասվածք է ստացել»,-նշեց փաստաբանը:
Երրորդ ննջասենյակում գտնվող Արմեն Ավետիսյանի դին գետնին է եղել, իսկ Արաքսյա Պողոսյանը մահճակալում, փոքրիկ Սերյոժան՝ գրկում:
«Գենետիկական եզրակացությամբ հիմնավորվել է, որ նրանք կտրող-ծակող գործիքից վնասվածքներ ունեն, և սվին դանակի վրա կա արյան խառնուրդ, ինչը համապատասխանել է փոքրիկ Սերյոժայի և Արաքսյա Պողոսյանի արյանը: Մայրն իր մարմնով փորձել է պաշտպանել Սերյոժա Ավետիսյանին: Որոշակի պատկեր ենք ստանում, որ առաջին սենյակում կրակելուց հետո երկրորդ և երրորդ սենյակներում արդեն արթնացել են, բայց քանի որ Ավետիսյանների տունը շատ փոքր է, մի սենյակից մյուսն անցնելը մի քանի քայլ է եղել, հետևաբար, մյուս սենյակներում գտնվողները չեն կարողացել ոչինչ անել»,-հայտարարեց Լուսինե Սահակյանը:
Գործով մյուս փաստաբան Երեմ Սարգսյանն էլ անդրադառնալով Վալերի Պերմյակովի թողած հետքերին, ասաց, թե հյուրասենյակի գազի վառարանի վրա հայտնաբերվել է ծխախոտի մնացորդ, ինչը, ըստ փորձաքննության արդյունքների, 99,99 %-ով Վալերի Պերմյակովինն է:
«Սվին դանակի պատյանի, գոտու և բռնակի վրա հայտնաբերվել է Պերմյակովի ԴՆԹ-ն: Ձմեռային համազգեստի օձիքին ևս Պերմյակովի ԴՆԹ-ն է հայտնաբերվել: Դեպքի վայրում առկա բոլոր առարկաների վրայի ԴՆԹ-ները 99,99 %-ով համապատասխանում են Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ին»,-ասաց Երեմ Սարգսյանը: