26-08-2014 12:39

Այսօր Իրաքում տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն.Ս. Ավդալյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Այն, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Իրաքում, քննդատելի է: Սակայն պետք է ուշադրություն դարձնել, քանի որ այժմ ահաբեկչական այդ կազմակերպությունն ակտիվանում է Սիրիայում, ամրապնդում է իր դիրքերը:
«Իսլամական պետություն կազմակերպությունը բավականին լուրջ ծրագրեր ունի ոչ Իրաքի տարածքում. Ավելի վտանգավոր սցենար ծրագրում են այլ հատվածում: Հյուսիսային Սիրիան վտանգավոր է դարձել»,-ընդգծեց փորձագետը: Ըստ նրա, կառույցը դարձել է գործոն, կարողանում է որոշակի ռազմական ակտիվությամբ հարցեր լուծել, մարտահրավեր է նետել Իրաքին, Սիրիային, պայքարում է արմատական ընդդիմադիր ուժերի դեմ, որոշակի ֆինանսական և այլ լծակներ իր ձեռքում է պահում:
Ասուլիսին մասնակից «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սայիդ Ավդալյանն էլ նշեց. «Այսօր Հյուսիսային Իրաքում՝ եզդիների բնօրրանում, տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն»: Բանախոսի խոսքով՝ ահաբեկչական խմբավորումն իր առջև նպատակ է դրել ոչնչացնել եզդիներին: «Այսօր հարյուր հազարավոր եզդիներ սպանվել են, հարյուր հազարավորներ ցրվել են՝ փորձելով անվտանգության երաշխիքներ ստանալ»,- նշեց նա:
Ս. Ավդալյանը պնդում է, որ իսլամիստական ահաբեկչական խմբավորմանը զինում է Արևմուտքը: Նա նաև նշեց, որ մարդասիական օգնությունը, որ ուղարկվում է եզդիներին, տեղ չի հասնում, քանի որ նրանք ցրված են: