08-08-2014 15:17

Պատերազմի դեպքում հակառակորդը 9 անգամ ավել զոհ է տալու.Մ. Խաչատրյան

Այսօր կայցած մամուլի ասուլիսի ընթացքում «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում վերջին օրերի լարվածությունն ու միջադեպերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանն ունի կայացած բանակ: «Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, քանի որ թշնամին արդեն 20 տարի է խախտում է զինադադարը: Վստահ եմ որ եթե պատերազմ լինի, հակառակորդը 9 անգամ ավել զոհ է տալու»,-ասաց նա: Ըստ նրա՝ մեր զինվորի ոգին շատ բարձր է: Մենք ունենք հերոս տղաներ ու հերոս մայրեր: Զոհվածների հուղարկավորության ժամանակ մայրերը հպարտությամբ ասում էին՝ տղաների հետևից չլացեք, մենք տվել ենք ազգային հերոսներ և վեց որդի էլ դեռ ունենալու ենք:

«Ադրբեջանի համար իր զինվորի կյանքը ոչինչ չարժե, սակայն հայ ամեն մի զինծառայողի կյանքը խիստ թանկ է»,-ընդգծեց բանախոսը:
Ասուլիսին ներկա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի գործողությունները լայնամասշտաբ պատերազմի պատրաստություն չեն. «Միջազգային հանրությանը մատ թափ տալուն, ներքին խնդիրներին, մեր զինված ուժերի պատրաստվածությունը ստուգելուն ուղղված գործողություններ են»: