Բավ է պառակտվել
28-02-2014 13:50

Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում անելիքներ կան. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության, աշխարհում 2013-ին մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում նշվել է, որ Հայաստանում 2013-ի փետրվարին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում իշխանությունները արդյունավետ վերահսկողություն են իրականացրել անվտանգության ուժերի նկատմամբ, իսկ անվտանգության ուժերի որոշ ներկայացուցիչներ խախտել են մարդու իրավունքները:
Զեկույցի համաձայն՝ մարդու իրավունքների ոլորտում առավելապես խնդիրները կապված են եղել կոռուպցիայի և կառավարության գործունեության թափանցիկության բացակայության, կառավարությունը փոխելու հարցում քաղաքացիների իրավունքների սահմանափակման եւ դատական իշխանության անկախության սահմանափակման հետ:
Զեկույցում նշվում է, որ թեև թեկնածուները քարոզարշավ իրականացնելու ազատ իրավունք են ունեցել, նախագահական ընտրությունների ժամանակ խախտումները վերաբերել են պետական կառավարման կողմից անաչառության բացակայությանը, պետական ռեսուրսների չարաշահմանը՝ ի օգուտ իշխող կուսակցության, ընտրակաշառքների մասին վստահելի տեղեկություններին: Դատարանները շարունակում են քաղաքական ճնշման ենթարկվել գործադիր իշխանության կողմից:
Զեկույցում նշվում է բանակում ոչ մարտական պայմաններում մահվան կասկածելի դեպքերի, «դեդովշչինայի» և ծառայակիցների ու աշխատակազմի կողմից զորակոչիկների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի և նման գործողությունների համար պատասխանատվության չենթարկվելու մասին:
Ըստ նույն այդ զեկույցի` շատ բանտեր գերծանրաբեռնված են և հակահիգիենիկ պայմաններ ունեն: Դատական լսումները հաճախ երկարատեւ են, և դատավորները չեն կիրառում արդար դատավարություն նախատեսող օրենքները:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա ոչ նախընտրական ժամանակաշրջանում լրատվամիջոցներում լուսաբանմանը մեկ տարվա ընթացքում պակասում էր քաղաքական համոզմունքների բազմազանությունը:
Մինչ կառավարությունն ազատել է «Եհովայի վկաներ»-ի բոլոր ձերբակալված անդամներին, սահամանափակումներից տուժել էին որոշ կրոնական փոքրամասնություններ, չնայած որ գրանցված կրոնական փոքրամասնությունների մեծ մասը հաղորդել էր գործունեությանը խանգարող էական իրավաբանական խոչընդոտների բացակայության մասին: Նշվում է, որ ընտանիքում բռնությունը դեռեւս խնդիր է հանդիսանում, սահմանափակ հնարավորություններով մարդիկ կյանքի բոլոր ոլորտներում խտրականության են բախվում: Կառավարությունը սահմանափակել է աշխատակիցների իրավունքները:
Տարեվերջյան զեկույցի տվյալների համաձայն՝ իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել 2008-ի ընտրություններից հետո տեղի ունեցած բախումների արդյունքում տաս մարդու մահվան մեղավորներին: