Բավ է պառակտվել
29-05-2014 11:35

Մարդու իրավունքների պաշտպանը ակտիվ խնայողություններ է անում


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2013թ-ին կարողացել է համեստ խնայողություն անել. այս մասին այսօր ԱԺ-ում 2013 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով շեշտեց, թե նույնիսկ էլեկտրաէներգիայի ծախսն են կրճատել։

՛՛Օրինակ՝ էլեկտրաէներգիան, հավատացեք, անձամբ եմ ստուգում, որպեսզի ճիշտ ժամանակին անջատվի, և մենք քիչ ծախս անենք, հնարավորինս խուսափում ենք գործուղումներից և՛ ներքին, և՛ միջազգային, կամ անում ենք դա հրավիրողների հաշվին, որպեսզի խնայողություն անենք։ Այդ հարցում հասել ենք նրան, որ նվազագույն կարիքը բավարարված է, և 2015թ-ի մեջ հավելումներ չենք խնդրի։ Եվ ես խոստացել եմ, որ մինչև իմ պաշտոնավարման ավարտը, եթե մեծ սղաճ չլինի, թանկացումներ չլինեն, այդպիսի խնդիր չենք ունենա՛՛,-նշեց նա:

Նա նշեց, որ խնայած գումարներն իրենք հետ են ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ, որից էլ նրանց են կրկին փոխանցել համակարգիչներ ձեռք բերելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ըստ պլանի, պետք է 2013-ին ունենար 5200 քաղաքացու դիմում, սակայն դրա փոխարեն իրենց ստացել են 4609 փաստացի դիմում, նշել է Անդրեասյանը։

՛՛Սակայն սա չի նշանակում, որ մեզ ավելի քիչ թվով քաղաքացիներ են դիմել, այլ նրանց բողոքները խմբավորվել են ու ներկայացվել կոլեկտիվ դիմումի տեսքով: Իսկ դիմած քաղաքացիների թիվը 6809 է եղել՛՛,-նշեց նա, թեև շեշտեց, թե որքան էլ չափեն՝ մարդու իրավունքների պաշտպանության արդյունքները թվով չեն չափվում, այլ ստացված դրական զարգացումներով:

՛՛Ես ինքս միշտ դժգոհ եմ եղել, երբ մեր համակարգային խնդիրները լուծում չեն ստացել կամ մեր նախաձեռնությունները դրական եզրակացություն չեն ստացել: Բայց իմ պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ վերջին ամիսներին մենք արդյունավետ էինք ոչ միայն անհատական դիմումների պաշտպանության գործում, այլ համակարգային խնդիրների լուծման մեջ՛՛,-նշեց նա: