Բավ է պառակտվել
02-04-2014 13:23

Ծափահարություն ՍԴ նախագահին, ա-մոթ, ամոթ՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին կողմ անձանց

Ամիսներ շարունակ ակտիվիստները, հայտնի մարդիկ ու հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչները պայքարում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, այն համարելով հակասահմանադրական: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր, ապրիլի 2-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենքի մի շարք դրույթներ: Կարելի է ասել, որ ժողովուրդը հաղթեց և գործեց արդարություն: Իսկ ահա մի խումբ մարդիկ, ովքեր վճռի որոշման ամբողջ ընթացքում գտնվում էին ՍԴ շենքի մոտ, բուռն ծափողջյուններով ընդունեցին ՍԴ-ից դուրս եկող պատգամավորներին և «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստներին։ Իսկ ահա Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ովքեր չէին փորձել աջակցել ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնող խմբին՝ պայքարելու այս օրենքի դեմ, արժանացան ՛՛ա-մոթ՛՛ ՛՛ա-մոթ՛՛ վանկարկումներին։ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն էլ շնորհակալություն հայտնեց ակտիվիստներին՝ ասելով, թե իրենց շնորհիվ է, որ դատարանը նման որոշում կայացրեց։ Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ դեռ վաղ է ուրախանալ, քանի որ օրենքը դեռ պետք է լրամշակվի, բայց ՍԴ-ի այսօրվա որոշումը պայքարի արդյունքն է։ «Ա-մոթ», «Ա-մոթ» վանկարկումներով դիմավորեցին նաև ՍԴ-ում պատասխանող կողմի ներկայացուցիչ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին։Քաղաքացիները ծափահարություններով ճանապարհեցին նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին։ Այս պահին նրանք միմյանց հետ քննարկելով փորձում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում վճիռը։