Բավ է պառակտվել
26-04-2014 17:48

Մանկավարժները պաշտպանված են ու լրացուցիչ պաշտպանների կարիք չունեն. Ա. Աշոտյան

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական կայքում անդրադարձել է ապրիլի 29-ին նախարարության շենքի մոտ կուտակայինի դեմ անցկացվող բողոքի ակցիային՝ մասնավորապես ասելով, թե Հայաստանի մանկավարժները պաշտպանված են օրենքով եւ Կառավարության կողմից, եւ լրացուցիչ պաշտպանների կարիք դժվար թե ունենան:

՛՛Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաեւ, որ ՀՀ Կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար:

Սակայն ինքնանպատակ ակտիվությունը չեմ հասկանում:

ՀՀ Կառավարության նոր մոտեցումները այս հարցում արդեն բարձրաձայնվել են ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանի կողմից եւ արժանացել լայն հասարակական աջակցությանը: Այդ 7 ծրագրային կետերը հիմք են ծառայում ՀՀ Կառավարության կողմից այս ոլորտի քաղաքականության լրամշակման համար:

Այս նոր քաղաքականության մասին, բնականաբար, պատշաճ կերպով կծանուցվեն նաեւ ՀՀ ենթակայության տակ գտնվող հաստատությունները:

Ուստի «փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիան ինքնանպատակ է ի սկզբանե:

ՀՀ մանկավարժները պաշտպանված են օրենքով եւ Կառավարության կողմից, եւ լրացուցիչ պաշտպանների կարիք դժվար թե ունենան՛՛,- գրել է նախարարի պաշտոնակատարը:

Նշենք, որ ապրիլի 23-ին ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հանձնարարական էր տարածել, որում ասվում էր, որ պարտադիր պահումները պետք է արվեն: Սակայն ապրիլի 25-ին արդեն, երբ ֆեյսբուք սոցիալական կայքում աղմուկ հանեց այդ հրամանը, Աշոտյանը հայտարարեց, թե այն ստորագրվել է մինչեւ Հովիկ Աբրահամյանի՝ պարտադիր բաղադրիչը կասեցնելու վերաբերյալ կայացրած որոշումը: Այնուամենայնիվ, «Դեմ եմ» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր մանկավարժներին եւ դաստիարակներին ապրիլի 29-ին հավաքվել ԿԳՆ շենքի մոտ՝ պահանջելու չգանձել 5% պարտադիր վճարը: