07-03-2014 20:44

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանի մոտ բազմաթիվ կոտրվածքներ են հայտնաբերվել

Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` Երևանից գործուղված բժիշկ-վնասվածքաբանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` փոխնախարար Վահան Պողոսյանն այցելել է Մամիկոն Խոջոյանին:

«Հիվանդի առողջական վիճակի ամբողջական գնահատման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ, այդ թվում` գլխի համակարգչային շերտագրում»,-ասել է Վահան Պողոսյանը` ընդգծելով, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո և նրա առողջական վիճակի մասին պարբերաբար կզեկուցվի:

Իջևանի բժշկական կենտրոնում վնասվածքաբան Գոռ Ամրոյանի կատարած նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվել է հետազոտման պլան: Կատարվել են կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շերտագրում:

Հիվանդի վիճակն այս պահին մասնագետները գնահատում են կայուն ծանր: Վերակենդանացման բաժանմունքում նա ստանում է ներերակային թերապիա: Հետազոտությունների ամբողջական արդյունքներից հետո կորոշվի բուժման հետագա ընթացքը:

Հիշեցնենք, որ 77–ամյա Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին պատահմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ ադրբեջանցիները նրան «դիվերսանտ» են համարել։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր հայտնել էր, որ իրավական պաշտպանության գործընթաց են սկսելու՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), քանի որ Մամիկոն Խոջոյանը ոչ միայն դաժան վերաբերմունքի է ենթարկվել, այլ նաև՝ խոշտանգումների։