Բավ է պառակտվել
07-05-2014 20:20

Մ. Խոջոյանի առողջական վիճակը վերահսկողության տակ է. ԱՆ

Գերեվարությունից ազատված` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակի մասին վերջին օրերին սոցիալական ցանցերում, էլեկտրոնային մամուլում եղած հրապարակումների առթիվ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Մամիկոն Խոջոյանը գտնվում է Բերդի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնել են, որ շաբաթը մեկ անգամ նրան այցելում է բժշկական բրիգադը (վիրաբույժ, հոգեբույժ-նյարդաբան, թերապևետ), իսկ Վերին Կարմիրաղբյուրի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրն ամենօրյա այցելություններ է կատարում: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ բժշկական բրիգադն այսօր լրացուցիչ այց է կատարել։ Նախարարին զեկուցվել է, որ այս պահին Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է և համապատասխանում է իր տարիքին: Նրան նշանակվել է և կտրամադրվեն անհրաժեշտ դեղահաբեր: Հարազատները նշել են, որ գոհ են բուժսպասարկումից և անհրաժեշտության դեպքում ստանում են համապատասխան օգնություն:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել էր Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել էր, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։