Բավ է պառակտվել
20-06-2014 11:21

Թուրքիայում Մալաթիայի հայության ժողով է անցկացվել

Հունիսի 17-ին Մալաթիայի Ուսուցչի տանը կայացած` “Empati Düşünce Topluluğu” («Էմպատիայի մտքի հանրություն») կազմակերպության ամենամսյա հավաքի այս անգամվա օրակարգում է եղել «Մեր մալաթիացի հայ համերկրացիները և վերստին համատեղ գոյությունը» թեման:

Ըստ Akunq.net-ի` հավաքին մասնակցած Մալաթիայի հայերի միության խորհրդի նախագահ Կարպիս Էվյափանը իր ղեկավարած կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ հաղորդելուց հետո գոհունակություն է արտահայտել մալաթիացի համերկրացիների հետ միասին լինելու փաստից և հայտնել, որ իրենք Մալաթիա են եկել աշխարհի տարբեր ծագերից Արեւմտյան Հայաստան ժամանած 80 հոգանոց խմբով:

Էվյափանը նշելով, որ իրենց երկխոսությունը զարգացել է Մալաթիայի տեղական և վարչական ղեկավարների հետ, իր ուրախությունն է հայտնել քաղաքացիական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ եւս կապեր հաստատելու հնարավորության համար:
Մալաթիայի հայերի միության խորհրդի անդամ Հարութ Օզերը նույնպես ելույթ ունենալով` ասել է, որ 48 տարի անց Մալաթիա գալով` խիստ հուզվել է հատկապես իրենց հին թաղն այցելելուց և նախկին հարևաններին տեսնելուց հետո:

Օզերը նաեւ շեշտել է, թե ինչպես Մալաթիայում, այնպես էլ Թուրքիայի բազմաթիվ այլ նահանգներում ոչնչացվել են հայկական գերեզմանոցները: Այս համատեքստում Մալաթիայի պահպանված հայկական գերեզմանոցը իրենց համար Մալաթիայի` հայրենի երկիր լինելու և իրենց` այդ հողին պատկանելու գրավականն է:

Օզերից հետո խոսքով հանդես եկած ճարտարապետ Գեւորգ Օզքարագյոզը մասնակիցներին է ներկայացրել իր հոր պատմությունը, որը Մալաթիայից հեռանալուց հետո ապաստանել է Երեւանում: Օզքարագյոզը ներկաներին հայտնել է, որ Հայաստանի մայրաքաղաքում օթեւան գտած մալաթիացի հայերն այնտեղ մի թաղամաս են հիմնել` Մալաթիա անունով` այդ կերպ փորձելով թոթափել այն մեծ կարոտը, որ տածում են հայրենի հողի հանդեպ:
Ամենավերջում ելույթ ունեցած Մալաթիայի հայերի միության` Մալաթիայում ներկայացուցիչ, գործարար Սերդար Բոյաջըն նշել է, թե չնայած անցյալում իրենց քաշած բոլոր նեղություններին` երբեւիցե չեն մտածել լքել հայրենի երկիրը` ցանկանալով ապրել ու թաղվել հենց այս հողերում:

Ժողովի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացի, նոր սահմանադրության կառուցվածքի, իրավունքների և ազատությունների ընդլայնման, քաղաքացիության սահմանման` էթնիկ շեշտադրումներից ազատվելու անհրաժեշտության հետ կապված հարցեր: