01-03-2014 16:13

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի իշխանությունը փորձում է վախեցնել իրենց

Հանրահավաքի ժամանակ ՀՍԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ քանի դեռ չեն պատժվել «Մարտի 1» –ի կազմակերպիչները, հրապարակն այսքան լիքն է լինելու:
«Վեց տարի է մարտի 1-ը կորստի, ողբերգության օր է դարձել: Եթե այս հրապարակը այսքան մարդաշատ է, նշանակում է մարտի 1-ի էջը փակված չէ ու չի կարող լինել, որքան էլ իշխանությունը ձգտի»,-հայտարարեց նա:

Լյուդմիլա Սարգսյանը նաև նշեց, որ քանի դեռ չեն պատժվել ողբերգության կազմակերպիչները, հրապարակն այդքան լիքն է լինելու և ըմբոստ:

՛՛Բազմաթիվ փորձեր ենք արել իշխանությանը ուշիմության կոչ անելու և հասկացնելու, որ միևնույնն է՝ «Մարտի 1»-ի հանցագործներին պետք է գտնել, իսկ մենք նրանց տեղը լավ գիտենք, բայց դիմադրությունը մեծ է, որովհետև ոչ մի հանցագործ չի օժանդակում իր հանցագործության բացահայտմանը՛՛,- ասաց նա:

Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ իշխանությունն այնքան անգիտակից է, որ չի հասկանում՝ բռնազավթումից հետո պետք է մի փոքր իրեն արդարացներ, գնար բարեփոխումների, ինքնամաքրման ճանապարհով:

«Նրանք պատասխան են տալու արտագաղթի, սոցիալական ծանր վիճակի, ընչազրկության համար, այդ պատասխանն էլ դուք եք պահանջելու: Այսօր Թուրքիայից պահանջում են ընդունել Հայոց ցեղասպանությունը, բայց իրենք իրենց մեղքը չեն ընդունում»,-ասաց նա:

Լյուդմիլա Սարգսյանը հավելեց, որ իշխանությունները փորձում են վախեցնել իրենց միասնականությանը, քանի որ այդ դեպքում չի ջարդվում միասնականությունը:

՛՛Ոչ ոք չի կարող հաղթել ժողովրդի միասնական կամքին և կոչ եմ անում միավորվել, դնել խնդիրներ ու հասնել հաղթանակի՛՛,-ասաց նա: